Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՓՐԿՎԵԼՈՒ ՄԵԿ ՊԱՅՄԱՆ Է ՏՐՎԱԾ` ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

ՓՐԿՎԵԼՈՒ ՄԵԿ ՊԱՅՄԱՆ Է ՏՐՎԱԾ` ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
07.02.2012 | 00:00

Դարերի ընթացքում, որոշակի ընդհատումներով այս մասին մարդկությանը զգուշացրել են, ահաբեկել, երբեմն էլ նույնիսկ դրանց հաշվին մարգարեություններ արել, ու զարմանալին այն է, որ երբեմն դրանք իրականացել են։
Ի՞նչ է այդ երևույթի անունը, որ բազմազբաղ մարդկությունն այդչափ ուշադրության է արժանացրել։ Ազգերի մեծ մասը դրանք անվանում է «կոմետա», հայերս՝ «գիսաստղ», որ նշանակում է պոչավոր աստղ։ Դիպուկ անուն ենք հնարել, քանի որ այդ անկոչ հյուրերն իրենց հետևից լուսավոր, մազանման պոչեր են ունենում։ Դրանց հայտնվելը երկնակամարում մեծ մասամբ սնոտիապաշտության մակընթացություն է առաջ բերել բոլոր ազգերի մոտ, սկսած գիտնական-աստղաբաններից, վերջացրած սարերի հովիվներով։ Երբեմն էլ զերծ չեն մնացել նույնիսկ հոգևոր հովիվները։ Օրինակ, երբ 1453 թ. թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը և Այա Սոֆիա տաճարը վերածեցին մզկիթի, ողջ քրիստոնեական աշխարհը վրդովմունքի մեջ էր։ Հենց այդ ժամանակ էլ երկնքում հայտնվեց հերթական գիսաստղը։ Հռոմի պապ Կալիստրատոս Երրորդը լուսավոր պոչը խաչի նմանեցրեց, իսկ թուրքերը` յաթաղանի։ Բայց քանի որ դիմացը հզոր պետություն էր, Հռոմի պապը խաչակրաց արշավանք չհայտարարեց, քաջ գիտակցելով, որ հետևանքը ողբալի կլիներ, այլ բավարարվեց հատուկ «հակակոմետային»՝ Անգելուս կոչվող հետևյալ աղոթքով. «Ամենակարող Տեր, ազատիր մեզ թուրքերից ու կոմետայից…»։
Այդ թռչող սարսափների մասին աշխարհին հայտնի էր դեռ մի քանի հազար տարի առաջ, սկսած չինական 4282 տարվա պատմագրության տվյալներից։
Անտիկ ժամանակների սյուներից մեկը համարվող Պլինիոս Ավագը խոստովանում է. «Գիսաստղը կա՝ երկնքում է, ընդհանուր առմամբ, սարսափելի աստղ է. այն քիչ արյունահեղություն չի գուշակում, ինչի մասին մենք համոզվում ենք իրադարձություններում (Հուլիոս կայսեր սպանությունը, Օկտավիանոսի խայտառակ պարտությունը և այլն)»։
Իսկ հայտնի բժիշկ Պարացելսը լրջորեն համոզված էր, որ գիսաստղերը երկիր են ուղարկում հրեշտակները, որպեսզի մարդկանց զգուշացնեն մոտալուտ մահվան մասին, մանավանդ հայտնի մարդկանց։ Օրինակ, պատմագիր Դիոն Կասիոսը տեղեկացնում է, որ հերթական գիսաստղի երևալու ժամանակ Հռոմի Վեսպասիանոս կայսրը կատակում էր` ասելով. «Այդ պոչավոր աստղը սպառնում է ավելի շուտ պարթևներին, քանի որ նրանք են փրչոտ, քան ինձ, որովհետև ես բոլորովին ճաղատացել եմ»։ Կատակեց, կատակեց, բայց մեռավ հենց ինքը՝ կայսրը։
Քսաներորդ դարի սկզբին՝ 1910 թ., Թեհրանի ժողովուրդը մեծ անհանգստությամբ էր սպասում մայիսի 19-ին, քանի որ նրանց աստղագետները հայտարարել էին, թե հենց այդ օրը պետք է լինի աշխարհի վերջը։ Շատերն էլ հավատալով այդ լուրերին` գետնափոր ապաստարաններ էին պատրաստում, չմոռանալով հաց ու ջրի պաշարներով երկարաձգել իրենց կյանքը։ Այդ լուրը կայծակի արագությամբ տարածվել էր ողջ աշխարհում։ Օրինակ, Մադրիդի եկեղեցիները, ի տարբերություն մնացած օրերի, բազմամարդ էին, քանզի ապավինել էին աղոթքի զորությանն ու Աստծո ողորմությանը։ Նույնիսկ որոշ հոգևորականներ օգտվում էին մարդկանց կրոնական զարթոնքից, առատորեն պահպանիչ աղոթքներ էին վաճառում այդ երկնային հրեշից փրկվելու համար։
Ընդհանրապես այդ սպասման լարված ամիսներին աշխարհի բոլոր երկրներում ավելանում էր ինքնասպանների թիվը։
Այդ օրերի ականատեսները պատմում են, որ Հալլեյի գիսաստղի տեսքը երկնքում այնքան սարսափազդու էր իր լուսավոր հսկայական պոչով, որ մարդիկ աշխատում էին շատ չնայել այդ երկնային հրեշին, քանի որ դա նրանց մթագնության աստիճանի էր հասցնում։
1664 թ. հսկայական գիսաստղ երևաց այդ ժամանակվա աշխարհի մայրաքաղաք համարվող Փարիզի երկնակամարում։ Դրա ահեղակերպ տեսքը ինչ գուշակություն ասես չէր առաջացնում մարդկանց մեջ։ Մեկը հերթական համաշխարհային ջրհեղեղ էր կանխագուշակում, մյուսը` համընդհանուր մի այլ վախճան։ Վանականները խորհուրդ էին տալիս վախեցած բարեպաշտներին իրենց ունեցվածքն ընծայաբերել վանքերին ու դրանով մեղքերի քավություն գտնել այն աշխարհում։
Ամերիկյան ժողովուրդն այդ հարցում Հին աշխարհի նորություններից հետ չէր մնում, մանավանդ հայտնի գրող Մարկ Տվենը, որ կատակում էր, թե` «Ինձ համար մեծ հիասթափություն կլինի, եթե չհաջողվի Հալլեյի կոմետայի հետ վերանալ»։ Ինչպես միշտ, մարդիկ մեծ հումորիստի այդ խոսքերը նույնպես կատակի տվեցին, բայց երբ Հալլեյի երկնային հսկան անվնաս անցավ երկրագնդի սահմաններից, հաջորդ օրը Մարկ Տվենը նույնպես հրաժեշտ տվեց երկրին և նրա հոգին գնաց մարդկությանն անհայտ ուղղությամբ։ Այս անգամ մեծ գրողի կատակը, ի զարմանս բոլորի, լուրջ բնույթ կրեց։
Այսօր էլ գերժամանակակից տեխնիկա ունեցող մարդկությանը նման բաներով չես վախեցնի, քանի որ նրանք մեր համակարգության մոլորակների հետ արդեն դու-ով են խոսում, տիեզերանավերի միջոցով երկնային այդ անկրկնելի գեղեցկուհիների գունավոր լուսանկարներն ու գիտական այլ հետաքրքիր տվյալներ երկիր ուղարկում։ Ըստ այդ գիտնականների, Ապոֆիս անունով մի աստերոիդի հետ երկրային բախում է սպասվում 2036 թվականին։ Շատերը, իհարկե, հանգստացած շունչ կքաշեն, որովհետև այնքան էլ մոտ չէ այդ օրը, ու մինչև գա, «կամ էշը կսատկի, կամ էլ իշատերը»։ Բայց այդպիսիք թող դարձյալ իմանան, որ շատերին հայտնի Նոստրադամուսը 2018 թիվն է համարում որպես վախճան աշխարհի, իսկ երանելի Մատրոնա Մոսկվացին 2017 թվականին է գլոբալ փոփոխություններ կանխագուշակում։
Աշխարհի վրա տեղի ունեցող աղետների մասին դեռ սուրբ հայրերն են գրել, ասելով. «Շրջապատող աղետներն ու թշվառությունները ցույց են տալիս, թե որքան մեծ են մարդկանց հանցանքները, որոնք երևութապես, ոչ թե սրտի ճշմարտությամբ են հետևում Սուրբ գրքի պատվիրաններին» (Եղիշե վարդապետ)։
Դե, իսկ ըստ մայաների «Շիլամ-Բալամ» գրքի օրացուցային տվյալների` այդ օրը բոլորովին հեռու չէ, այլ հենց այս տարի, դեկտեմբերի 21-ին է։
Այնպես որ, ընտրության մեծ հնարավորություն ունենք, նայած թե ում ենք վստահում ու հավատում։
Ինչ մնում է այս գրվածքի հեղինակին, ապա ես ոչ մի թվային տվյալի հանդեպ հավատ չունեմ, քանի որ մեր Տերն է ասել. «Գալու բաների մասին Ինձ հարցրեք» (Եսայի 45.11)։
Այս առիթով պատմեմ 2000 թվականին սուրբ Երուսաղեմում տեսածներս, քանի որ Միլենիում կոչվող այդ նոր հազարամյակի սկիզբը քիչ գլխացավանքներ չպատճառեց շատ դյուրահավատ մարդկանց։ Քանի որ 1999 թվականին սուրբ Երկիր էին ժամանել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ և ուխտավորներ, որից Իսրայելի պետությունը միլիարդների շահույթ ստացավ, ու մտածում էր, որ երրորդ հազարամյակի այդ տարին կգերազանցի մնացածներին։ Բայց քանի մոտենում էր տարվա վերջը, այնքան նոսրանում էր Երուսաղեմի մինչ այդ մարդաշատ փողոցների անցորդների թիվը։ Իսկ արդեն նոր տարվա շեմին կարծես հրեական շաբաթվա օր լիներ քաղաքում, երբ մարդիկ, պահելով շաբաթ օրը գործ չանելու օրենքը, աշխատում էին իրենց տներում մնալ, քանի որ, ըստ այդ օրենքի, 2000 քայլից ավելի իրավունք չունեին կատարելու։ Բայց, ի տարբերություն մնացած տարիների, այս անգամ սուրբ Երկիր էին եկել տասնյակ ընտանիքներ, այն էլ սեփական վրաններով։ Երուսաղեմի մերձակա անապատ տարածքներում վրաններ էին բացում և, մի քանի շաբաթվա ուտելիքի ու ջրի պաշար հավաքելով, մնացած ժամանակը ծախսում էին Աստվածաշնչի ընթերցանության, աղոթքների ու սրբավայրեր այցելելու վրա։ ՈՒ երբ նրանց լրագրողները հարց ու փորձ արեցին, նրանք պատասխանեցին, թե իրենց «մարգարեներն» ասել են, որ աշխարհի վերջն ուՀիսուսի գալուստը լինելու է 2000 թվականին, իրենք էլ, հավատալով նրանց, վաճառել կամ բաժանել են իրենց տունն ու տեղը ու եկել Երուսաղեմ, որպեսզի Հիսուսին դիմավորողների շարքում առաջիններից լինեն։ Անցան օրեր, շաբաթներ, բայց կեղծ մարգարեներից խաբված այդ խեղճ հոգիներն այլևս չգիտեին ինչ անել, քանի որ ինքնաթիռի տոմսերը միայն մեկ ուղղությամբ էին գնել, իսկ հետ գնալու էլ գումար չէին պահել, քանի որ համոզված էին, որ իրենք դրամի կարիք չեն ունենալու Աստծո երկրային թագավորության ժամանակ։
Դեռ Հիսուսի երկրային տարիներին Իր աշակերտները, որոնք նույնպես կարծում էին, թե ահա ուր որ է Աստծո թագավորությունը կլինի, հարցրին Տիրոջը, թե երբ է լինելու այդ։ Տերը պատասխանեց այսպես. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: Եվ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանը. որովհետև, ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, երբ ուտում էին և խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանն էլ» (Մատթեոս 24. 36-39):
Իսկ ով ուզում է առավել մանրամասնել իր իմացությունը այս մասին` թող ինքը հոգս անի և, բացելով Ավետարանը, կարդա Մարկոս 13. 4-13, Ղուկաս 21. 7-19 համարները։
Բայց վերը գրվածից մի բան կարող ենք եզրակացնել. Նոյի օրերի նման մարդիկ պետք է անհավատության անհոգությամբ ապրեն ու վստահություն չունենան Տիրոջ խոսքի վերջին օրերի մասին զգուշացումներին։ Ասում եմ` վերջին օրերի, այլ ոչ թե աշխարհի վախճանի, որովհետև ջրհեղեղից հետո ոչ թե աշխարհը իսպառ վերացավ ու կործանվեց, այլ ընդամենը մաքրվեց մեղսագործ անօրեններից, նույնպես էլ Աստված Պետրոս առաքյալի խոսքով, հաստատված բազմաթիվ մարգարեների խոսքի հիման վրա գրում է. «Այժմ երկինքն ու երկիրը վերապահված են կրակի դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար: Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3)։
Սպասվող գիսաստղի խորհուրդը մնում է օրակարգում, որից խուսափելու կամ փրկվելու մեկ պայման է տրված` Աստվածային պատվիրանների կատարումը, որի գագաթը սերն է Աստծո հանդեպ, իսկ ստորոտը՝ սերը մերձավորի հանդեպ։
Այս ամենն իմանալուց հետո մի կարևոր հետևություն կարող ենք անել, որ իմաստուն է այն մարդը, ով իր մեղքերի խոստովանությամբ, մաքրված հոգով ու պատվիրանապահությամբ ամեն օր, որպես թե վերջին օր, պատրաստ կլինի Տիրոջ Գալուստը դիմավորելու։
Երանի՜ այդպիսիներին։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ